ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը
Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը` սեփականատիրոջ կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձի՝ շենքերն ու շինությունները քանդելու (ապամոնտաժելու) իրավունքը հաստատող փաստաթուղթ է:
Ո՞ր դեպքում և ինչպե՞ս ստանալ քանդման (ապամոնտաժման) թույլտվություն
- Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում և հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն, կամ կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումներն անհնարին են՝ առանց քանդման աշխատանքների, ապա կառուցապատողը դիմում է (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշում, N5 հավելվածի N2-2 ձև) Իրավասու մարմնին` քանդման թույլտվություն ստանալու համար:
- Եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ՝ առանց տվյալ կառուցապատվող հողամասում գտնվող շենքի (շենքերի) և կամ շինության (շինությունների) քանդման, ապա նոր կառուցվող օբյեկտների համար տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն է, ընդ որում, քանդումը կամ ապամոնտաժումն իրականացվում են սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ և կարգով:
Հայտին կցվում են`
- օբյեկտի քանդման նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից)
- փորձաքննության դրական եզրակացությունները կամ` կապալառուի երաշխավորության պայմանագիրը
- անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ` լիազորագիրը
- քանդման թույլտվության տեղական տուրքի (կամ ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N 1 հավելվածի 98-րդ կետով սահմանված եղանակով) մուծման անդորրագիրը:
Ի՞նչ ժամկետում է տրամադրվում կամ մերժվում քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը
Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունն Իրավասու մարմնի կողմից տրամադրվում կամ մերժվում է քանդման թույլտվություն ստանալու համար կառուցապատողի դիմումն ստանալու օրվանից`
- II կատեգորիայի օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում
- III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում
- IV կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում
Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունների տրամադրման ընթացակարգն իրականացվում է՝ քանդման ենթակա օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N1 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան:
Արդյո՞ք անհրաժեշտ է ծանուցել իրավասու մարմնին քանդման աշխատանքներ սկսելու մասի
Այո, կառուցապատողը քանդման (ապամոնտաժման) աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N5 հավելվածի N2-5 ձևի համաձայն ծանուցում է իրավասու մարմնին: