ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ)

 

Ի՞նչ է նախագծման թույլտվություն

Նախագծման թույլտվությունը (այսուհետ` Առաջադրանք) սահմանում է քաղաքաշինական օբյեկտի (այդ թվում` ոչ հիմնական) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակմանը ներկայացվող պարտադիր պայմաններն ու սահմանափակումները: Առաջադրանքով սահմանված պայմանները հիմքն են նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակցիների համար:

Ինչպե՞ս ստանալ Առաջադրանք

Առաջադրանք ստանալու համար անհրաժեշտ է իրավասու մարմին ներկայանցնել հայտ (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N5 հավելվածի N1-1 ձև):

Հայտին կցվում են`

  1. կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը).
  2. անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

Արդյո՞ք կարելի է շտկումներ կատարել կամ համալրել հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը

Այո, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ դրանց բովանդակությունը չի համապատասխանում գործող կարգով սահմանած պահանջներին, կամ եթե ներկայացրած փաստաթղթերում առկա են սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ, ապա իրավասու մարմինը, ՀՀ օրենսդրության համաձայն առաջարկում է հայտատուին 5-օրյա ժամկետում համալրել բացակայող փաստաթղթերը կամ ինքնուրույն շտկում է ակնհայտ սխալներն ու վրիպակները` կամ հայտատուի ներկայությամբ, կամ հետագայում հայտատուին իրազեկելով դրա մասին:

Ի՞նչ ժամկետում է տրամադրվում Առաջադրանքը

Առաջադրանքը (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N5 հավելվածի N 1-2 ձև) կառուցապատողին է տրամադրվում հայտի ընդունման օրվանից`

✓ մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության դեպքում`

  • I կատեգորիայի օբյեկտների համար` չի պահանջվում
  • II կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում
  • III կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում
  • IV կատեգորիայի օբյեկտների համար` 20-օրյա ժամկետում

✓ մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության բացակայության դեպքում`

  • I կատեգորիայի օբյեկտների համար` չի պահանջվում
  • II կատեգորիայի օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում
  • III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում
  • IV կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում
  • V կատեգորիայի օբյեկտների յուրաքանչյուր առանձին դեպքի համար` ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետներում

Առաջադրանքի գործողության ժամկետը

Առաջադրանքի գործողության ժամկետը չի կարող գերազանցել`

  • II կատեգորիայի օբյեկտների համար` մեկ տարին
  • III կատեգորիայի օբյեկտների համար` մեկուկես տարին
  • IV կատեգորիայի օբյեկտների համար` երկու տարին
  • V կատեգորիայի օբյեկտների յուրաքանչյուր առանձին դեպքի համար` ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետներում

Ո՞ր դեպքերում ներկայացված հայտը կարող է մերժվել իրավասու մարմնի կողմից

Իրավասու մարմնի կողմից հայտը մերժվում է, եթե`
✓ հայտում ամրագրված ցուցանիշները (պայմանները) հակասում են տարածքի տարածական պլանավորման փաստաթղթերին կամ քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.
✓ ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ ոչ լիարժեք տեղեկություններ կամ իրավասու մարմնի կողմից առաջարկված հնգօրյա ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվել.
✓ կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումները անհնարին են առանց քանդման աշխատանքների իրականացման, իսկ հայտին կցված չէ քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու մասին դիմումը.
✓ պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմնի բացասական մասնագիտական եզրակացության առկայության դեպքում.
✓ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Առաջադարնքը համաձայնեցնելու իրավասությամբ օժտված պետական կառավարման այլ լիազորված մարմինների բացասական եզրակացության առկայության դեպքում.
✓ մատակարարն կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմանների տրամադրման վերաբերյալ իրավասու մարմնին հիմնվավորված մերժում ներկայացնելու դեպքում:

Հնարավոր է արդյո՞ք հայտի մերժման դեպքում կրկին հայտ ներկայացնել

Այո, կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել մերժված հայտով ներկայացված փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմնին:

Արդյոք Հայտատուն կարող է շտկումներ կամ համալրումներ կատարել ներկայացված հայտում

Այո, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը թերի է կամ դրանց բովանդակությունը չի համապատասխանում գործող կարգի սահմանած պահանջներին, կամ եթե փաստաթղթերում առկա են սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ, ապա ըստ իրավասու մարմնի առաջարկի հայտատուն հնարավորություն ունի 5-օրյա ժամկետում համալրել բացակայող փաստաթղթերը: Իրավասու մարմինը կարող է նաև ինքնուրույն շտկել ակնհայտ սխալներն ու վրիպակները` կամ հայտատուի ներկայությամբ կամ հետագայում իրազեկելով նրան:

Ե՞րբ է Առաջադրանքի գործողությունը համարվում դադարեցված

Առաջադրանքի գործողության ժամկետը լրանալու դեպքում` առաջադրանքի գործողությունը համարվում է դադարեցված, ընդ որում` կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:

Ո՞ր դեպքերում առաջադրանք չի պահանջվում

1) Հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով և քաղաքաշինության բնագավառի սերտիֆիկացված արտադրանքի կիրառմամբ կառուցապատում իրականացնելիս

2) ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N 4 հավելվածի N 1 ցանկով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներ կատարելիս

3) կառույցի արտաքին տեսքը, հարաչափերն ու գործառնական նշանակությունը չփոփոխող`

  • II և III կատեգորիաների օբյեկտների կամ դրանց առանձին հատվածների ներքին վերակառուցումների համար,
  • IV կատեգորիայի պատմության և մշակույթի հուշարձան չհանդիսացող բազմաբնակարան բնակելի շենքերում առանձին բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ներքին վերակառուցմների համար, եթե դրանք չեն հանգեցնում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների փոփոխությանը.

4) Շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում` նոր թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնելիս: Այս դեպքում նախագծային փաստաթղթերը ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N1 հավելվածով սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից վերահամաձայնեցվում (վերահաստատվում) են` նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի բնօրինակի վրա համապատասխան նշում (գրառում) կատարելու միջոցով: