Ստեղծել դիմում

 

  1. Ուղարկել համապատասխան հայտ(դիմում) համայնքի ղեկավարին (Երևանում` Երևանի քաղաքապետին)
  2. Հայտ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար
  3. Դիմում նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու և շինարարության թույլտվություն ստանալու համար
  4. Դիմում քանդման թույլտվություն ստանալու համար
  5. Տեղեկանք շինարարարական աշխատանքներն սկսելու վերաբերյալ
  6. Դիմում ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար
  7. Դիմում բազմաբնակարան (կամ ստորաբաժանված) շենքի շահագործման թույլտվությունը փաստագրելու համար
  8. Դիմում օբյեկտի շինարարական աշխատանքների էսքիզային նախագիծը համաձայնեցնելու մասին
  9. Տեղեկանք շինարարության թույլտվության մեջ և ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N 5 հավելվածի N 2-5 ձևում կատարված փոփոխությունների մասին
  10. Դիմում ելակետային տվյալները և տեխնիկական պայմանները տրամադրելու մասին

Էլեկտրոնային ստորագրություն

 

Էլեկտրոնային համակարգի միջոցով կառուցապատման համապատասխան թույլտվություն (նախագծման թույլտվություն (ՃՀԱ), շինարարության կամ քանդման թույլտվություն, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն))(նախագծման կամ շինարարության (քանդման), կամ շահագործման թույլտվություն) ստանալու համար կառուցապատողը գրանցվում է իրավասու մարմնի էլեկտրոնային ընդունարանի վեբ-կայքում՝ նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, ստանում գրանցման համարը (կամ օգտագործում նախապես ստացված գրանցման համարը) և ներկայացնում լրացված և իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված` ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N 1 5 հավելվածով սահմանված համապատասխան էլեկտրոնային հայտը (դիմումը) և պահանջվող փաստաթղթերը կամ ստորագրված հայտի ու նշված փաստաթղթերի տեսաներածված պատճենները:

Էլեկտրոնային. ստորագրության ակտիվացում

 

Էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար անհրաժեշտ է իրականացնել 3000 ՀՀ դրամ (տարեկան սպասարկման վճար) հետևյալ տարբերակներից մեկով`

  • օնլայն վճարում Visa, MasterCard կամ ArCA վիրտուալ քարտերի միջոցով (անձի նույնականացման քարտը նախապես տեղադրելով CryptoCard Suite սարքում)
  • բանկային վճարումն իրականացնելուց 1-2 աշխատանքային օր հետո անհրաժեշտ է նույնականացման քարտով գրանցվել ekeng.am սպասարկման համակարգում

Ակտիվացնելուց հետո էլեկտրոնային ստորագրությունն այլ էլեկտրոնային ծառայություններում վավերանում է 3-5 ժամվա ընթացքում:
Համակարգին անխափան միանալու համար ցանկալի է կիրառել Google Chrome բրաուզերը:

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ)

 

Ի՞նչ է նախագծման թույլտվություն

Նախագծման թույլտվությունը (այսուհետ` Առաջադրանք) սահմանում է քաղաքաշինական օբյեկտի (այդ թվում` ոչ հիմնական) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակմանը ներկայացվող պարտադիր պայմաններն ու սահմանափակումները: Առաջադրանքով սահմանված պայմանները հիմքն են նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակցիների համար:

Ինչպե՞ս ստանալ Առաջադրանք

Առաջադրանք ստանալու համար անհրաժեշտ է իրավասու մարմին ներկայանցնել հայտ (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N5 հավելվածի N1-1 ձև):

Հայտին կցվում են`

  1. կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող կամ փոփոխման ենթակա օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ, իսկ կառույցի գործառնական նշանակության փոփոխության դեպքում` նաև վերջինիս հատակագիծը (հատակագծերը).
  2. անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը:

Արդյո՞ք կարելի է շտկումներ կատարել կամ համալրել հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը

Այո, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ դրանց բովանդակությունը չի համապատասխանում գործող կարգով սահմանած պահանջներին, կամ եթե ներկայացրած փաստաթղթերում առկա են սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ, ապա իրավասու մարմինը, ՀՀ օրենսդրության համաձայն առաջարկում է հայտատուին 5-օրյա ժամկետում համալրել բացակայող փաստաթղթերը կամ ինքնուրույն շտկում է ակնհայտ սխալներն ու վրիպակները` կամ հայտատուի ներկայությամբ, կամ հետագայում հայտատուին իրազեկելով դրա մասին:

Ի՞նչ ժամկետում է տրամադրվում Առաջադրանքը

Առաջադրանքը (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N5 հավելվածի N 1-2 ձև) կառուցապատողին է տրամադրվում հայտի ընդունման օրվանից`

✓ մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության դեպքում`

  • I կատեգորիայի օբյեկտների համար` չի պահանջվում
  • II կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում
  • III կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում
  • IV կատեգորիայի օբյեկտների համար` 20-օրյա ժամկետում

✓ մատակարար կազմակերպություններից տեխնիկական պայմաններ ստանալու անհրաժեշտության բացակայության դեպքում`

  • I կատեգորիայի օբյեկտների համար` չի պահանջվում
  • II կատեգորիայի օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում
  • III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում
  • IV կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում
  • V կատեգորիայի օբյեկտների յուրաքանչյուր առանձին դեպքի համար` ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետներում

Առաջադրանքի գործողության ժամկետը

Առաջադրանքի գործողության ժամկետը չի կարող գերազանցել`

  • II կատեգորիայի օբյեկտների համար` մեկ տարին
  • III կատեգորիայի օբյեկտների համար` մեկուկես տարին
  • IV կատեգորիայի օբյեկտների համար` երկու տարին
  • V կատեգորիայի օբյեկտների յուրաքանչյուր առանձին դեպքի համար` ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետներում

Ո՞ր դեպքերում ներկայացված հայտը կարող է մերժվել իրավասու մարմնի կողմից

Իրավասու մարմնի կողմից հայտը մերժվում է, եթե`
✓ հայտում ամրագրված ցուցանիշները (պայմանները) հակասում են տարածքի տարածական պլանավորման փաստաթղթերին կամ քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.
✓ ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ ոչ լիարժեք տեղեկություններ կամ իրավասու մարմնի կողմից առաջարկված հնգօրյա ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվել.
✓ կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումները անհնարին են առանց քանդման աշխատանքների իրականացման, իսկ հայտին կցված չէ քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու մասին դիմումը.
✓ պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմնի բացասական մասնագիտական եզրակացության առկայության դեպքում.
✓ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Առաջադարնքը համաձայնեցնելու իրավասությամբ օժտված պետական կառավարման այլ լիազորված մարմինների բացասական եզրակացության առկայության դեպքում.
✓ մատակարարն կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմանների տրամադրման վերաբերյալ իրավասու մարմնին հիմնվավորված մերժում ներկայացնելու դեպքում:

Հնարավոր է արդյո՞ք հայտի մերժման դեպքում կրկին հայտ ներկայացնել

Այո, կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել մերժված հայտով ներկայացված փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմնին:

Արդյոք Հայտատուն կարող է շտկումներ կամ համալրումներ կատարել ներկայացված հայտում

Այո, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը թերի է կամ դրանց բովանդակությունը չի համապատասխանում գործող կարգի սահմանած պահանջներին, կամ եթե փաստաթղթերում առկա են սխալներ, ջնջումներ, քերվածքներ, վրիպակներ, ապա ըստ իրավասու մարմնի առաջարկի հայտատուն հնարավորություն ունի 5-օրյա ժամկետում համալրել բացակայող փաստաթղթերը: Իրավասու մարմինը կարող է նաև ինքնուրույն շտկել ակնհայտ սխալներն ու վրիպակները` կամ հայտատուի ներկայությամբ կամ հետագայում իրազեկելով նրան:

Ե՞րբ է Առաջադրանքի գործողությունը համարվում դադարեցված

Առաջադրանքի գործողության ժամկետը լրանալու դեպքում` առաջադրանքի գործողությունը համարվում է դադարեցված, ընդ որում` կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:

Ո՞ր դեպքերում առաջադրանք չի պահանջվում

1) Հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով և քաղաքաշինության բնագավառի սերտիֆիկացված արտադրանքի կիրառմամբ կառուցապատում իրականացնելիս

2) ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N 4 հավելվածի N 1 ցանկով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներ կատարելիս

3) կառույցի արտաքին տեսքը, հարաչափերն ու գործառնական նշանակությունը չփոփոխող`

    • II և III կատեգորիաների օբյեկտների կամ դրանց առանձին հատվածների ներքին վերակառուցումների համար,
    • IV կատեգորիայի պատմության և մշակույթի հուշարձան չհանդիսացող բազմաբնակարան բնակելի շենքերում առանձին բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի ներքին վերակառուցմների համար, եթե դրանք չեն հանգեցնում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների փոփոխությանը.

4) Շինարարության (քանդման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում` նոր թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնելիս: Այս դեպքում նախագծային փաստաթղթերը ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N1 հավելվածով սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից վերահամաձայնեցվում (վերահաստատվում) են` նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի բնօրինակի վրա համապատասխան նշում (գրառում) կատարելու միջոցով:

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ի՞նչ է շինարարության թույլտվությունը

Շինարարության թույլտվությունը կառուցապատողի` ինչպես նոր կառուցապատման նպատակով սահմանված կարգով տրամադրված հողամասում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում որոշակի շինարարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ է:

Ինչպե՞ս ստանալ շինարարության թույլտվություն

Կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույտվություն ստանալու նպատակով դիմում է (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N 5 հավելվածի N2-1 ձև) իրավասու մարմնին:

Դիմումին կցվում են`

  • օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիր
  • նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից)
  • փորձաքննության դրական եզրակացությունը (կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի կապալառուի երաշխավորագիրը

Ի՞նչ ժամկետում է տրամադրվում շինարարության թույլտվությունը

Իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը դիմումը ստանալու օրվանից՝

  • II կատեգորիայի օբյեկտների համար՝ 5-օրյա ժամկետում, 3-օրյա ժամեկտում՝ բազմակի օգտագործման օրիանկելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման դեպքում.
  • III կատեգորիայի օբյեկտների համար՝ 10-օրյա ժամկետում.
  • IV կատեգորիայի օբյեկտների համար՝ 15-օրյա ժամկետում.
  • V կատեգորիայի օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում

Նախագծի վերաբերյալ հասարակայնության իրազեկման անհրաժեշտության դեպքում Նախագծի համաձայնեցման ժամկետները հաշվարկվում են իրազեկման համար նախատեսված 15-օրյա հաշվառմամբ:

Ո՞ր դեպքում անհրաժեշտ չէ շինարարության թույլտվություն

Առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N4 հավելվածի N1 ցանկով սահմանված I կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքները:

Ո՞ր դեպքերում է մերժվում շինարարության թույլտվության տրամադրման հայտը

Նախագծային փաստաթղթերը չեն համաձայնեցվում, և շինարարության թույլտվությունը մերժվում է (գրավոր իրազեկելով մերժման հիմքերի մաuին), եթե`

  • առաջադրանք չի պահանջվում
  • նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում նախագծման թույլտվությամբ (առաջադրանքով) սահմանված պայմաններ
  • կառուցապատողի դիմումին կցված փաստաթղթերը պարունակում են ոչ հավաստի (ոչ լիարժեք) տեղեկություններ կամ Իրավասու մարմնի կողմից առաջարկված 5-օրյա ժամկետում բացակայող փաստաթղթերի ցանկը չի համալրվե
  • դիմումը ներկայացվել է նախագծման թույլտվության (առաջադրանքի) գործողության ժամկետը լրանալուց հետո
  • չի ներկայացվել օրենքով սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը
  • դիմումով նոր շինարարության իրականացման համար հայցվող ժամկետը 1.5-ից ավելի անգամ գերազանցում է Նախագծով նախատեսված ժամկետը

Ի՞նչ ժամկետում է անհրաժեշտ իրականացնել շինարարությունը

Շինարարության թույլտվությամբ սահմանվում է շինարարության ավարտի ժամկետ՝

  • նոր կառուցվող շենքերի, շինությունների համար` ըստ հայցվող ժամկետի, բայց ոչ ավելի Նախագծով նախատեսված ժամկետների 1.5-ապատիկից
  • բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի համար` շինարարության թույլտվությամբ` կառուցապատողի հայեցողությամբ սահմանվում է նաև շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետ
  • գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման և բարեկարգման աշխատանքների համար` Նախագծով տվյալ օբյեկտի շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողության նորմերով հաշվարկված ժամկետ

Հնարավոր է արդյո՞ք երկարաձգել շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողությանը

Այո, Իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել՝ ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:

Արդյո՞ք անհրաժեշտ է ծանուցել իրավասու մարմնին շինարարական աշխատանքներ սկսելու մասին

Այո, կառուցապատողը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ ծանուցում է (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N 5 հավելվածի N 2-5 ձև) իրավասու մարմնին, որն իր հերթին՝ եռօրյա ժամկետում դրա մասին իրազեկում է քաղաքաշինական պետական տեսչությանը:

Ո՞ր դեպքերում է կասեցվում շինարարության թույլտվության գործողությունը

Եթե կառուցապատողն աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտվելու պահից շինարարության թույլտվության գործողությունը կասեցվում է իրավասու մարմնի որոշմամբ` մինչև կասեցման պատճառների վերացումը, ընդ որում, կասեցումը հիմք չէ շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար: Շինարարության թույլտվությունը կարող է կասեցվել նաև օրենքով վարչական ակտերի կասեցման համար նախատեսված դեպքերում և կարգով:

Ո՞ր դեպքում է շինարարության թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվում

Շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում, մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից սահմանված կարգով նախատեսված դիմում չներկայացվելու դեպքում իրավասու մարմնի նախաձեռնությամբ շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում՝ դրա մասին 3-օրյա ժամկետում ծանուցելով կառուցապատողին և ՀՀն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի գրանցված իրավունքների դադարեցում գրանցելու համար։

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ի՞նչ է քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը

Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը` սեփականատիրոջ կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձի՝ շենքերն ու շինությունները քանդելու (ապամոնտաժելու) իրավունքը հաստատող փաստաթուղթ է:

Ո՞ր դեպքում և ինչպե՞ս ստանալ քանդման (ապամոնտաժման) թույլտվություն

  • Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում և հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն, կամ կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումներն անհնարին են՝ առանց քանդման աշխատանքների, ապա կառուցապատողը դիմում է (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշում, N5 հավելվածի N2-2 ձև) Իրավասու մարմնին` քանդման թույլտվություն ստանալու համար:
  • Եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ՝ առանց տվյալ կառուցապատվող հողամասում գտնվող շենքի (շենքերի) և կամ շինության (շինությունների) քանդման, ապա նոր կառուցվող օբյեկտների համար տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն է, ընդ որում, քանդումը կամ ապամոնտաժումն իրականացվում են սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ և կարգով:

Հայտին կցվում են`

  • օբյեկտի քանդման նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից)
  • փորձաքննության դրական եզրակացությունները կամ` կապալառուի երաշխավորության պայմանագիրը
  • անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ` լիազորագիրը
  • քանդման թույլտվության տեղական տուրքի (կամ ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N 1 հավելվածի 98-րդ կետով սահմանված եղանակով) մուծման անդորրագիրը:

Ի՞նչ ժամկետում է տրամադրվում կամ մերժվում քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը

Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունն Իրավասու մարմնի կողմից տրամադրվում կամ մերժվում է քանդման թույլտվություն ստանալու համար կառուցապատողի դիմումն ստանալու օրվանից`

  • II կատեգորիայի օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում
  • III կատեգորիայի օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում
  • IV կատեգորիայի օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում

Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունների տրամադրման ընթացակարգն իրականացվում է՝ քանդման ենթակա օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N1 հավելվածով սահմանված պահանջներին համապատասխան:

Արդյո՞ք անհրաժեշտ է ծանուցել իրավասու մարմնին քանդման աշխատանքներ սկսելու մասի

Այո, կառուցապատողը քանդման (ապամոնտաժման) աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596 որոշման N5 հավելվածի N2-5 ձևի համաձայն ծանուցում է իրավասու մարմնին:

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ
(ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ) 

 

Ի՞նչ է ավարտական ակտը (կամ շահագործման թույլտվությունը)

Ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ) (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N5 հավելվածի N3-1 ձև) փաստագրվում է օբյեկտի շինարարական աշխատանքների իրականացման ավարտը և շահագործման ընդունումը` շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն իրականացվելուց և պատասխանատու շինարարական կազմակերպության կողմից այն կառուցապատողին հանձնելուց ու կառուցապատողի կողմից ընդունվելուց հետո։

Ավարտական ակտը հիմք է ավարտված օբյեկտի և դրա կազմում առանձնացված միավորների նկատմամբ իրավունքների գրանցման համար։

Ինչպե՞ս ստանալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)

Ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողն ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո 10-օրյա ժամկետում դիմում է (ՀՀ կառավարության 19.03.2015թ. N596-Ն որոշման N5 հավելվածի N3-3-1 ձև) Իրավասու մարմնին, դիմումին կցելով`

  • ընդունող հանձնաժողովի ակտը
  • կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը
  • ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վճարների մուծումը հավաստող անդորրագրերը

Ի՞նչ ժամկետում է տրամադրվում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը)

Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տրամադրում է ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը)` դիմումն ստանալու օրվանից`

  • II և III կատեգորիաների օբյեկտների համար` 3-օրյա ժամկետում.
  • IV և V կատեգորիաների օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում